«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Անտերության մատնված հայաստանյան կինոշուկան

Անտերության մատնված հայաստանյան կինոշուկան
12.02.2016 | 12:06

Հիացմունքով, հիշողությունների խոր ցավով, կսկիծով դիտեցի պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ու նկարահանող խմբի «Փրկության քարտեզ» ֆիլմը: ՈՒ հիմա, ոչ այն է՝ զարմանքով, ոչ այն է` զայրույթով ու հիասթափությամբ, չեմ կարողանում ընկալել, թե ինչու ցեղասպանության թեմայով փաստագեղարվեստական այս ֆիլմը, շրջելով Եվրոպայում, արժանանալով բազմաթիվ եվրոպացի պրոֆեսիոնալների բարձր գնահատանքին, ստվերում է մնում հայրենիքում։ Այնինչ Երևանում շռնդալից արշավում են, հիացական բացականչությունների, ծափահարությունների այսօր արժանանում են «Քարե դար» ու այս կարգի «հա-հա, հի-հի»-ներով ուղեկցվող, միջակ սցենարներով, փողոցի ժարգոնային խոսակցություններով համեմված «ֆիլմերը», որոնք ո՛չ մտածելու, ո՛չ խորհելու, ո՛չ դաստիարակչական ու հայրենասիրական զգացումներ ունենալու «նեղություն» չեն տալիս հանդիսատեսին։ Եվ այսօր ժողովուրդն էլ դարձել է այդ «մեծ պահանջարկի» գերին, ու հատկապես երեխաների ու երիտասարդների մեջ սկսել է դրան համապատասխան ճաշակ ձևավորվել։ Այնինչ՝ «Փրկության քարտեզ»-ը պետք է ցուցադրվի հանրապետության բոլոր դպրոցներում ու բուհերում, ամեն հայ ընտանիք, հայ մարդ պետք է իմանա ցեղասպանության հետ կապված ֆիլմում եղած փաստերն ու մանրամասները, ինչը շատ քչերը գիտեն։ Ինչո՞ւ մենք բոլորս գիտենք Մայր Թերեզայի մասին, ում նույնիսկ մի քանիսը վերջերս ոգևորված հայուհի հռչակեցին, բայց շատ քչերս գիտենք 20-րդ դարասկզբին, հենց տեղահանության ու կոտորածների ընթացքում, Եվրոպայի տարբեր երկրներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից, Էստոնիայից, թողած իրենց բարեկեցիկ կյանքը, Արևմտյան Հայաստան մեկնած այն հինգ երիտասարդ միսիոներուհիների մասին, որոնք, հաղթահարելով դաժան, անմարդկային դժվարություններ, թուրքական յաթաղանից փրկել են հարյուր հազարավոր հայ երեխաների ու կանանց, միսիոներուհիներ, որոնց կյանքի նպատակը, մինչ ի մահ, անհայրենիք մնացած, սոված, հիվանդ, մահվան շեմին հայտնված հայ մարդկանց փրկելն էր դարձել։ Ավելին, այս ֆիլմը պետք է տեղ գտնի նաև մեր ուսումնական ծրագրերում։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Իրականում Հայաստանում այսօր շատ քչերն են տեղյակ ֆիլմից, քանի որ, ֆինանսների բացակայության պատճառով չեն ապահովվել համապատասխան գովազդը, ֆիլմի կրկնօրինակների պատվիրումն ու իրացումը, էլ չեմ խոսում ֆիլմը անգլերենից բացի այլ լեզուներով ևս թարգմանելու, աշխարհին ներկայացնելու հնարավորության մասին։ Այդ բոլորը ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ չկա պետական սրտացավություն, հետաքրքրություն, գրագետ մոտեցում կինոարտադրությանը, ինչի հետևանքով էլ Հայաստանում չկա համապատասխան կինոշուկա։ Ռուսաստանի կինոյի մասին օրենքում կինոարտադրությանը տարեկան հինգ տոկոս արտոնյալ վարկ տրամադրելու հատուկ որոշում կա, նման որոշում կա նաև նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում, արտասահմանյան երկրներում, իսկ մեզ մոտ ծիծաղ կարող է առաջացնել, եթե որևէ մեկը կինոնկարահանման վարկ ստանալու համար դիմի որևէ բանկի։ Պատասխանը մեկը կլինի՝ կինոն եկամտաբեր բիզնես չէ։ Նույն մոտեցումն ունեն նաև հայաստանցի մեծահարուստները, որոնք պատկերացում անգամ չունեն, թե ինչ ասել է կինոշուկան կամ դրսի շուկա, միջազգային փառատոներ և այլն։ Այսպիսով, հայաստանյան կինոարտադրանքը մնացել է Երևանի ընդամենը մի քանի կինոդահլիճների հույսին, կինոթատրոնի տնօրենի որոշման հույսին՝ կցանկանա՞ գնել ու ցուցադրել տվյալ ֆիլմը, թե՞ կհամարի, որ հանդիսատեսին այն անհետաքրքիր է ու մեղմ ժպիտով կմերժի։
Այսօր հայաստանյան կինոոլորտում պարտադիր են բարեփոխումները, կառավարությունը, հատկապես մշակույթի նախարարությունը, պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել անտերության մատնված այս ոլորտը և վերահսկել պետականորեն։


Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ